«ՋԱՎԱԽՔԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՍԻՎ ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐ ՉՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ»
Ջավախքում ստեղծված նոր իրադրությունը, լարվածության պատճառներն ու դրա լուծումները մեկնաբանում է «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, «Ջավախք» բարեգործական հիմնադրամի ղեկավար ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։
-Պարոն Մարգարյան, Ջավախքում, կարծես, լարվածության նոր ալիք է սկսվում, Ախալցխայում ձերբակալվել է երկու հայ երիտասարդ։ Ինչո՞վ է պայմանավորված վրացական իշխանությունների այս նոր «նախաձեռնությունը»։
-Իսկապես, Ախալցխայում ձերբակալվել են տեղի հայկական երիտասարդական կազմակերպության երկու ակտիվիստներ։ Ընդ որում, այս կազմակերպությունը հիմնականում մշակութային բնույթ ունի և շրջանի հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության պահպանման նպատակ է հետապնդում։ Նրանք հազվադեպ են միացել քաղաքական նախաձեռնություններին, այն էլ միայն այն դեպքերում, երբ դրանք բխել են տարածաշրջանի ոչ միայն հայկական կազմակերպությունների շահերից և վերաբերել են ընդհանուր պրոբլեմներին։ Ձերբակալության օրն էլ կազմակերպության գրասենյակում միայն երգի-պարի պարապմունք է եղել։ Չնայած դրան, ձերբակալված երիտասարդներին առաջադրվել է այլ պետության օգտին լրտեսության մեղադրանք, ինչը բացարձակապես հասկանալի չէ։ Ընդհանրապես, Ջավախքում տեղեկատվության պակասը մեծ է։ Տեղական հեռուստաընկերությունների ներուժը սահմանափակ է, նրանք գրեթե չեն լուսաբանում նման իրադարձությունները, ընդհանուր վիճակը։ Թերթեր նույնպես համարյա չկան։ Կենտրոնական հեռուստատեսության հաղորդումները միայն վրացերենով են հեռարձակվում և տարածաշրջանային խնդիրներին չեն անդրադառնում։ Այդ իսկ պատճառով, տեղեկատվության հիմնական աղբյուրը ժողովրդական բանահյուսության միջոցով տարածվող բամբասանքներն են։ Մինչ այժմ հայտնի չէ, թե ինչու է նման մեղադրանք առաջադրված, ինչ ապացույցներ կան, գործն ինչ ընթացքի մեջ է։ Նույն իրավիճակն է Վահագն Չախալյանի հայտնի գործի հետ կապված. դատավարությունը վերսկսվել է, բայց դարձյալ պարզ չէ մեղադրանքների բնույթը, դատական գործընթացը թափանցիկ չէ։ Այս տարվա ընթացքում առկա է վրացական իշխանությունների բացասական ակտիվությունն այն խնդիրների առնչությամբ, որոնց լուծումը Ջավախքի հայությունը հրատապ է համարում ճիշտ հակառակ տեսանկյունից։
-Օրինակ, կոնկրետ ի՞նչ նոր դրսևորումներ են։
-Այս տարվա հունվարի մեկից աննախադեպ խստացվել է հայ-վրացական սահմանի հսկողությունը վրացական կողմից։ Երեք-չորս ժամանոց հերթեր են կուտակվում։ Ասենք, հայր ու որդի գալիս են Հայաստան, և եթե երեխան անչափահաս է, երկու ծնողների համաձայնությունը պարտադիր պիտի ներկայացվի։ Միաժամանակ պահանջում են միջազգային անձնագրեր։ Ըստ օրենքի, դրանք պետք է տրամադրվեն մեկ ամսվա ընթացքում, բայց, որպես կանոն, ժամկետը երկարաձգվում է։ Սակայն անձնագիր ունենալն էլ չի նշանակում, որ հեշտությամբ սահմանը կհատես, որովհետև ընդամենը մեկ-երկու հսկիչ կետ են հիմնել, համակարգիչները հաճախ խափանվում են, մի քանի ժամվա հերթեր են գոյանում։ Եթե անգամ սահմանի հսկողությունը խստացնելու որոշում է ընդունվել, ապա պետությունը դա պետք է անի իր միջոցների, ոչ թե քաղաքացիների ժամանակի հաշվին։ Թող այդ դեպքում քսան հսկիչ կետեր դնեին և գործընթացները կազմակերպեին նորմալ։
-Ըստ Ձեզ, ինչո՞ւ են հսկողությունը խստացրել։
-Մի քանի վարկած կա։ Վերջին տարիներին, երբ խոսվում էր Վրաստանի` ՆԱՏՕ մտնելու մասին, կանխատեսումներն այնպիսին էին, որ հայ-վրացական սահմանը կդառնա բաժանարար գիծ։ Վրաստանը ՆԱՏՕ չմտավ, բայց սահմանը խստացվեց, և պատճառները բացարձակ հասկանալի չեն։ Մանավանդ որ հայ-վրացական միջպետական բարձր մակարդակի բոլոր հանդիպումներում շարունակ հակառակ հայտարարություններն են հնչում, որ սահմանային ռեժիմը թուլացվի, լինի թափանցիկ, արհեստական խոչընդոտներ չստեղծվեն։
-Կան կարծիքներ, որ վրացական կողմը հակահայկական տրամադրություններ է հրահրում` գործող նախագահի հրաժարականը պահանջող ընդդիմությունից բնակչության ուշադրությունը շեղելու համար։
-Չեմ կարծում, թե դա կարող է իշխանության համար նպաստավոր լինել։ Եթե կա ընդդիմության ակտիվություն, և դրան զուգընթաց ազգային փոքրամասնությունների նկատմամբ ինչ-որ բաներ են արվում, այդ նույն փոքրամասնություններն ավելի են հակվելու դեպի ընդդիմություն, որովհետև դժգոհ են գործող իշխանությունից։ Մի քանի օր առաջ հայտարարությամբ հանդես եկան Վրաստանի ադրբեջանական համայնքը ներկայացնող մի քանի կազմակերպություններ, որոնք շատ խիստ են դնում լեզվի հարցը, ինչպես հայերը։ Նման խնդիրները չլուծվելով չեն մոռացվում, այլ, ընդհակառակը, լուծվելով են սպառվում։ Հակառակ դեպքում մարդը մտածում է, թե ինքը պետք է լուծի իր պրոբլեմն ըստ օրենքի։
Ջավախքում երբևէ անջատողական շարժում չի եղել, թեկուզ վրացական ԶԼՄ-ները և տարբեր գործիչներ դա շատ են շահարկում, հատկապես Եվրոպայում։ Մինչ օրս մատնացույց չի արվել մի անձ կամ կազմակերպություն, որը նման խնդիր բարձրացներ։ Ինքնավարության պահանջի պոռթկումներ եղել են այն ժամանակ, երբ չլուծված խնդիրներ են կուտակվել, ու մարդիկ տեսել են, որ իշխանությունն այդ ուղղությամբ ոչինչ չի անում։ Հիմա բնակչության մեջ իրարամերժ տրամադրություններ են, կան մարդիկ, ովքեր ուզում են այլ երկրի անձնագիր ստանալ ու հեռանալ Վրաստանից։ Բայց դա, բոլոր դեպքերում, համատարած բնույթ չի կրում։
-Այսինքն, եթե վրացական կողմը տարածաշրջանը հայերից դատարկելու խնդիր է դրել, վստա՞հ եք, որ չի հաջողվի։
-Այո, որովհետև վերջին 100 տարում Ջավախքից շարունակ արտահոսք է եղել, բայց տեղում բնական աճի հաշվին բնակչությունը միշտ մնացել է նույն մակարդակի վրա։ Վրացական կառավարությունը վերջին տարիներին տարածաշրջանում վերաբնակեցման ծրագիր է իրականացնում, որը խտրականության դրսևորումներ ունի։ Մասնավորապես, Նինոծմինդայի շրջանում ռուս դուխոբորների գյուղերը 1990-ականներից աստիճանաբար սկսեցին դատարկվել։ Քանի որ տեղի հայ բնակիչները նույնպես բնակարանների կարիք ունեն, սկսեցին վերաբնակվել այդ գյուղերում` Գորելովկայում, Ժդանովկայում և այլն։ Սակայն վրացական կառավարությունը տարբեր լծակների կիրառմամբ կասեցրեց այդ գործընթացը և սկսեց Աջարիայի լեռնային շրջաններից աջարների անհատույց վերաբնակեցումը այդ գյուղերում։ Այսօր Աջարիայից շուրջ 500 մարդ է տեղափոխվել Գորելովկա, որը Հայաստանի հետ սահմանային գյուղ է, Ջավախքը Հայաստանի հետ կապող ճանապարհն այդ գյուղով է անցնում։ Սկզբունքորեն ոչ ոք դեմ չէ վերաբնակեցմանը, բայց եթե անհատույց բնակարաններ են տրամադրվում Լեռնային Աջարիայից եկածներին, ինչո՞ւ նույնը չի արվում տեղի հայ բնակչության նկատմամբ։ Երկուսն էլ Վրաստանի քաղաքացիներ են։
-Հիմա Ջավախքում իրավիճակը լարվա՞ծ է։
-Այո, և չի բացառվում, որ կրկին հանրահավաքներ և բողոքի ակցիաներ սկսվեն։ Սահմանի հսկողության խստացումը լուրջ պրոբլեմներ է ստեղծում հատկապես առողջապահական առումով։ Ջավախքում ոչ մի հիվանդանոց չկա, Թբիլիսին հեռու է, տեղի բնակչությունը, մի բան պատահելու դեպքում, օգտվում է Աշոցքի կամ Գյումրիի հիվանդանոցներից։ Դե, հիմա պատկերացրեք, որ մարդը վատ վիճակում է, նույնիսկ` «սիստեման» միացրած ու սահմանային անցակետում երեք ժամ պետք է սպասի, որ սահմանն անցնելու թույլտվություն ստանա։ Ցավոք, ստացվում է, որ Վրաստան-Հայաստան միջպետական հարաբերություններն այսօր մեծ բովանդակություն չունեն։ Պաշտոնական հանդիպումների ժամանակ փաստաթղթեր են ստորագրվում, բարեկամության հավաստիացումներ տրվում, բայց իրական ինտեգրացիա չկա։ Մինչդեռ Վրաստանում մեծ թվակազմով հայեր են ապրում, Ջավախքը կոմպակտ ազգային տարածաշրջան է։ Այն շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի համար, այլև պետք է վերածվի հայ-վրացական հարաբերությունների կամրջի, ոչ թե դառնա հակասությունների առիթ։ Վրաստանում անհիմն մտահոգություններ կան, թե Ջավախքն իրենց համար հավելյալ պրոբլեմ է դառնալու, բայց ճիշտ հակառակը` Ջավախքն է լինելու հայ-վրացական կայուն ու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հիմնական օղակը։ Հայաստանն այս ուղղությամբ պետք է աշխատանք տանի վրացական կողմի հետ, որպեսզի տարածաշրջանի խնդիրները լուծվեն։ Միայն բարեկամության հավաստիացումներով չէ, անցած տարիներին Վրաստանը միայն մի խոշոր ներդրում է իրականացրել Ջավախքում` կառուցելով Ախալքալաք-Ախալցխա ավտոճանապարհը։ Բայց դա էլ է իրենց շահերից բխում, որովհետև տարածաշրջանը կապվում է մարզկենտրոնի հետ։
-Սակայն եթե վրացական կողմը խստացնում է սահմանի հսկողությունը, չի՞ մտահոգվում, որ կզրկվի տասնյակ հազարավոր հայ զբոսաշրջիկներից, ովքեր արդեն քանի տարի ամռանը հանգիստն անցկացնում են Աջարիայում։
-Հենց դա է ամենազարմանալին։ Վերջին տարիների տվյալներով` հայ զբոսաշրջիկների թիվը յուրաքանչյուր տարի Աջարիայում աճում է, ասում են` մինչև 50 հազար մարդ է հանգստանում յուրաքանչյուր ամառ։ Ընդ որում, հայերը զբոսաշրջիկների հիմնական զանգվածն են, որովհետև Թուրքիան և Ադրբեջանն իրենց ծովային հանգստավայրերն ունեն` ոչնչով Վրաստանին չզիջող։ Զբոսաշրջիկների մի մասն Աջարիա է մեկնում գնացքով` Սադախլո կայարանով, մյուս մասն ավտոմեքենաներով անցնում է Ջավախքով։ Սահմանային ռեժիմի խստացումը չի կարող այս գործընթացի վրա չազդել։ Մանավանդ որ Աջարիայում Աբաշիձեի ռեժիմի տապալումից հետո սոցիալական վիճակը բոլորովին էլ չի բարելավվել, ընդհակառակը, լուրջ դժգոհություն կա։ Նավահանգիստներից ստացված եկամուտներն այժմ մտնում են պետական բյուջե, աշխատող արդյունաբերական ձեռնարկություններ չկան, գյուղական բնակչության հիմնական եկամուտը գյուղատնտեսությունն է ու մասամբ տուրիզմը, քաղաքային բնակչության համար տուրիզմը գրեթե միակ եկամտի աղբյուրն է։ Իսկապես զարմանալի է, որ վրացական կողմն այս հանգամանքը հաշվի չի առել սահմանային ռեժիմը խստացնելիս կամ էլ իրենց համար արդեն միևնույնն է։
-Ըստ Ձեզ, ինչո՞վ կարող է Հայաստանը շահագրգռել Վրաստանին։
-Լայն ռազմավարական իմաստով, խոշոր տերությունների` ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի շահերի տեսանկյունից Հայաստանը և Վրաստանն առանձին-առանձին այդքան մեծ արժեք չեն ներկայացնում։ Միասին` շատ ավելի հետաքրքիր են արտաքին աշխարհի համար։ Կա եվրոպական հարևանության ծրագիր, շարունակ խոսվում է տնտեսական և այլ ոլորտների ինտեգրացիայի մասին, բայց իրական տեղաշարժ չկա։ Նախկինում, ի դեպ, վրացական կողմն այդ մասին չէր էլ խոսում, վերջին տարիներին տարբեր մակարդակների հանդիպումների ժամանակ նման խոսակցություններ կան, բայց դրանք հիմնականում ձևական բնույթ ունեն։
-Վերջին և ավանդական հարցը` ի՞նչ անել։
-Լրջորեն զբաղվել հայ-վրացական հարաբերություններով և հատկապես Ջավախքում առկա խնդիրներով։ Հայաստանն այս հարցում պասիվ դիտորդի դեր չպետք է ունենա, անհրաժեշտ է շարունակական և ակտիվ միջամտություն։ Ես, մասնավորապես, կարծում եմ, որ անհրաԺեշտ է ստեղծել երկարաժամկետ կտրվածքով գործող միջկառավարական հատուկ օպերատիվ հանձնաժողով, որը, մի կողմից, արագ լուծումներ կտա կուտակված խնդիրներին, մյուս կողմից` հայ-վրացական երկկողմ հարաբերությունների համար ընդունելի հայեցակարգ կմշակի։ Վրաստանը և Հայաստանը հարևան երկրներ են, փոխկապակցված են միմյանց, այս հարաբերություններն ինքնաբերաբար զարգանալ չեն կարող, քայլեր են անհրաժեշտ։ Հակառակ դեպքում աստիճանաբար այնպիսի գործընթացներ կսկսեն զարգանալ, որ մենք արդեն կգնանք դրանց հետևից, կանխելն ուշ կլինի։ Ի վերջո, որքան էլ մարդուն ճնշես, մի օր ընդվզելու է։ Իսկ Ջավախքում անկայուն իրավիճակ ստեղծելու հարցում կան շահագրգիռ ուժեր, և այս իրողությունը պետք է նկատի ունենան թե՛ Թբիլիսիում, թե՛ Երևանում։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ